Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Առնոն կյանքս ամբողջովին փոխեց

13 Apr, 2018 | Նորություններ

Մի քանի ամիս առաջ ծնվեց 12-ամյա Էդմոնդի եղբայրը՝ Առնոն։ Նա եկավ մայրիկի կյանքը հիմնովին փոխելու, ընտանիքում նոր գույներ ավելացնելու ու ծնողներին նոր ուժ տալու համար։ Այսօր զրուցելու ենք նրանց մայրիկի՝ Մարիամ Հովհաննիսյանի հետ։


—Մարիամ, ինչպե՞ս որոշեցիք կրկին մայրանալ, դժվար չէ՞ր նման որոշում կայացնելը, հաշվի առնելով այն, որ  ձեր առաջին երեխան առողջական խնդիրներ ունի։

—Ես  միշտ երկրորդ երեխա ունենալու փաստից վախեցել եմ։  Վախենում էի  բոլոր հետազոտություններից, այդ դժվար ուղին անցնելուց, բայց շատ էի ուզում նորից երեխա ունենալ, երազում էի։ Հետո ես պատահական կանգնեցի փաստի առաջ․ մայրության օրը՝ ապրիլի 7-ին իմացա, որ ես բալիկի եմ սպասում։  Ներքուստ սկսեցի զգալ, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց միևնույն ժամանակ հղիությանս ամբողջ ընթացքում, ինչպես նաև երեխայիս ծնվելուց հետո միշտ վախը ներսումս է եղել։ Կարծես չհավատայի, որ ամեն ինչ լավ է։

Տղաս ծնվեց, ես հրաշք ունեցա, ինձ բոլորը հավաստիացնում էին, որ երեխաս առողջական խնդիրներ չունի։ Ես էլ, որ տեսա իրեն միանգամից զգացի, որ ամեն ինչ լավ է։ Չնայած  նա 7 օր սարքով էր թթվածին շնչում, բայց ես շատ հանգիստ էի արդեն, վստահ էի, որ շատ արագ կհաղթահարի տղաս այդ փուլը։

—ՄՈւԿ ունեցող երեխան առանձնահատուկ խնամք է պահանջում, հետևաբար  ինչպե՞ս եք կարողանում երկրորդ երեխայի համար ժամանակ գտնել:

Հղիությանս ամբողջ ընթացքում գլուխս շատ խառն էր, ներսումս ամեն ինչ կար․ վախ, ուրախություն, երջանկություն, անհանգստություն․․․Չէի պատկերացնում՝ ինչպես եմ կարողանալու երկու երեխաներիս  նայել, հաշվի առնելով, որ Էդմոնդս մանկական ուղեղային կաթված ունի, բայց ես այլ բան էի մտածում։ Մտածում էի, որ Էդիս համար արյունակից եղբայր է ծնվելու, ով իր ամբողջ կյանքում կլինի իր կողքին, այս գաղափարն ինձ առաջ էր մղում։

Ասեմ, որ Առնոս խելոք է, բայց միևնույն է ընտանիքս շատ է օգնում։ Ամուսնուս ծնողների աջակցությամբ կարողանում ենք միասին ամեն ինչ հասցնել։ Էդմոնդիս մշտապես փորձում ենք տանել թերապիաների։

—Ի՞նչ հոգեբանական խնդիրներ հաղթահարեցիք հղիության ընթացքում և հիմա  ի՞նչ զգացողություններ ունեք երեխայի ծնվելուց հետո:

—9 ամիս շարունակ, ցանկացած հետազոտություն, ցանկացած անալիզ մի աննկարագրելի սթրես ու վախ էր։ Շատ դժվար շրջան էր, բայց՝ հաղթահարելի։ Այդ փուլն անցնելուց հետո, օրս ամբողջովին փոխվեց ու ես սկսեցի այդ երջանկությունը վայելել։ Ինձ մեծ ուժ է տվել դիմացինի ուրախությունը, բոլորը, ով իմանում էր, որ մենք բալիկի ենք սպասում, անսահման ուրախանում էր։  Ընկերներ, բարեկամներ, հարազատներ, բոլորը կողքիս էին, թև ու թիկունք էին, բոլորն ասում էի, որ ճիշտ եմ անում։   Հիմա Աստծուց միայն ուզում եմ երկար կյանք, որ կարողանամ վայելել այս երջանկությունը։ Ու ամեն անգամ  փառք եմ տալիս, որ Էդս մեր հետ է․․․ Իսկ Առնոն ամբողջությամբ կյանքս փոխեց, չեմ կարող բառերով նկարագել ապրումներս։ Ինքը, որ զարթնում ու ժպտում է, ես մոռանում եմ բոլոր ցավերս, խնդիրներս։

—Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, ովքեր կասկածների և վախերի պատճառով չեն ուզում կրկին մայրանալ։

—Բոլորին խորհուրդ եմ տալիս համարձակ լինել, ու անպայման կրկին բալիկ ունենալ ու որքան հնարավոր է շուտ։ Չվախենաք, դուք կարող եք։ Ձեր երեխային հարազատ արյուն է պետք, դա շատ կարևոր է։