Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Կամքս հավաքեցի բուռս․ 5 տարի հետո ծնվեց երկրորդ բալիկս․

27 Mar, 2018 | Նորություններ

10-ամյա  Արեգի մայրիկը կոչ է անում լավատեսորեն տրամադրվել, քանի որ միայն այդպես  հնարավոր կլինի  հաղթահարել բոլոր դժվարությունները։ Արեգն ունի մանկական ուղեղային կաթված, զրուցել ենք նրա մայրիկի՝ Ալլա Գևորգյանի հետ, ով համարձակորեն կոտրել է բոլոր կարծրատիպերը, հաղթահարել ներքին վախերն ու արտաքին ազդակները և արդեն երկու երեխաների մայրիկ է։


—      Ալլա, ինչպե՞ս որոշեցիք կրկին մայրանալ, արդյոք դժվար չէր նման որոշում կայացնելը, հաշվի առնելով այն, որ  ձեր առաջին երեխան առողջական խնդիրներ ունի։

— Այո, շատ դժվար ու շատ պատասխանատու որոշում էր, բայց կամքս հավաքեցի բուռս ու սկսեցի միայն լավատեսությամբ առաջ գնալ։ Սկզբում ես իմ երեխայից բացի ուրիշ ոչինչ չէի նկատում։ Եթե լավը՝ ուրեմն Արեգիս հետ էր կապված, վատն էլ՝ վանում էի մեզնից։  Այդ ժամանակ առհասարակ չէի էլ կարողանում իմ ամուսնուն ուշադրություն դարձնել, էլ ուր մնաց մտածեի 2-րդ բալիկի մասին:Ամբողջ ջանքերն ու ռեսուրսներն ուղղված էին մեր բալիկին վերականգնելու ուղղությամբ։ Հետզհետե կարողացանք հաղթահարել ներքին վախերն ու տարիներ անց ծնվեց մեր երկրորդ բալիկը՝  Անաստասիան, ով լրացրեց մեր երջանկությունն իր յուրօրինակ ներաշխարհով, բարությամբ, հումորով։

—ՄՈւԿ ունեցող երեխան առանձնահատուկ խնամք է պահանջում, հետևաբար  ինչպե՞ս եք կարողանում երկրորդ երեխայի համար ժամանակ գտնել:

—Ինձ մոտ ամեն բան ստացվում է, կարողանում եմ և վերջ : J Այս հարցում ինձ շատ է օգնում կազմակերպված լինելս։

—Ի՞նչ հոգեբանական խնդիրներ հաղթահարեցիք այդ որոշումը կայացնելու փուլում և հիմա  ի՞նչ զգացողություններ ունեք երեխայի ծնվելուց հետո:

—Հոգեբանական խնդիրներ, իհարկե, կային։ Հարցին պետք էր շատ պատասխանատու մոտենալ։ Վախ կար, որ հանկարծ երկրորդ  երեխայով հղիության ընթացքում ինչ-որ բան այն չլիներ, կամ հանկարծ ծննդաբերության ժամանակ նորից չդառնանք ոչ գրագետ բժիշկների սխալ ծննդօգնության զոհը։ Վախերը հաղթահարեցինք, և շատ երջանիկ եմ, որ ունեցանք մեր երկրորդ հրաշք բալիկին, ով ինչպես և առաջին բալիկը՝ հատուկ առաքելություն ուներ՝ մեզ համախմբելու ու լինելու ուժեղ, հաղթահարելով դժվարությունները՝ առաջ նայել միայն լավի ակնկալիքով։

—Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, ովքեր կասկածների և վախերի պատճառով չեն ուզում կրկին մայրանալ։

—Հենց այդ կասկածներն ու վախերն են, որ մարդկանց դրդում են հետ կանգնել ու շատ իզուր։ Խորհուրդ կտայի չհրաժարվելու ամենաբաղձալի երևույթից՝ մայրանալու բերկրանքից։ Պետք է դիմել լավ մասնագետներին, անցնել բոլոր հետազոտություններն ու միայն լավ մտքերով մոտենալ հարցին։ Այդ բոլոր վախերը մենք ենք մեր գլխում նկարում, վախն էլ, ինչպես լավ միտքը, զորություն ունի, հետևաբար վախենալ պետք չէ, ուղղակի պետք է լինել բանիմաց բժիշկների հսկողության տակ ու միայն դրական տրամադրվածությամբ առաջ գնալ, հավատացեք՝   ամեն ինչ լավ կլինի։ Ես մեր ընտանիքի օրինակով կարող եմ ասել, որ մենք ամուր ընտանիք ենք, մեզ ոչ մի քամի չկարողացավ աշնան տերեւի պես պոկել ծառից՝ մեր սիրո արմատից։ Թող որ մարդու լավատեսությունը հաղթի բոլոր դժվարությունները։