Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Եթե ունեք դժվարություն, ապա ունեք նաև պայքարելու ունակություն

6 Nov, 2016 | Նորություններ

Օգոստոսի 23–ին մեր կազմակերպության մայրերն ու տնօրենը ոգեշնչող հանդիպում ունեցան երկու մայրերի հետ, որոնք ժամանակին պայքարել են սեփական երեխայի կյանքի որակի բարելավման ու երջանկության համար ու հասել մեծ արդյունքների։ Հյուրերը Ասլիկյան ընտանիքի անդամներն էին՝ Լիանա Ասլիկյանը, նրա որդի Սամվելը, Սամվելի կին Աննան ու վերջիններիս փոքրիկը՝ Լիանան, նաև Ելենա Օհանյանը՝ Աննայի մայրը։ Հանդիպման ընթացքում Լիանա Ասլիկյանն ու Ելենա Օհանյանը կիսվեցին սեփական փորձով, պատմեցին իրենց անցած ճանապարհն ու օգտակար խորհուրդներ տվեցին ծնողներին, պատասխանեցին մայրերի հարցերին։

Ձեր ուժերը դեռ բավականին թարմ են պայքարելու համար։ Աստված գիտի, թե ում որ տարիքում մայրացնի և ում ինչ դժվարություն տա։ Եթե դուք ունեք դժվարություն, ապա ունեք նաև պայքարելու ընդունակություն։ Դուք հաստատ կարող եք հասնել նպատակին։

Լիանա Ասլիկյան

Տիկին Լիանան ավելացրեց նաև, որ յուրաքանչյուր դժվարությունից դուրս գալու ճանապարհները տրված են, պետք է պարզապես գտնել ու անցնել դրանք հաջողության հասնելու համար։

Սուտ է, երբ ասում են, որ երեխան չի քայլի, որ վիճակը ծանր է։ Այդ հասկացողությունը մեկընդմիշտ պետք է հանեք ձեր միջից ու ապրեք էն համոզմունքով, որ կարող եք, որ կհաղթեք։

Լիանա Ասլիկյան

Այս համոզմունքը օգնել է ժամանակին ինքնամոռաց պայքարել երեխայի կյանքի որակի բարելավման համար ու ստանալ արդյունք։ ՄՈւԿ-ը չի խանգարել ու չի խանգարում Սամվելին ու Աննային․ նրանք սովորել են, եղել ու մնում են ակտիվ տարբեր ոլորտներում, ամուսնացել են, ունեն հրաշք փոքրիկ։

Ծնողները ոգեշնչված էին։ Կազմակերպության ծնողական խորհրդի նախագահ Մարիամ Հովհաննիսյանը հանդիպումից հետո կիսվեց տպավորություններով։

Ես իրենց պատմությանը վաղուց էի ծանոթ։ Բայց իմ համար շատ տպավորիչ էր, որ տղայի մայրը այդ վատ տարիներին անցել է ամեն ինչի վրայով ու մինչ օրս պայքարում է։ Այդ տարիներին շատ սահմանափակ էր տեղեկատվությունը։ Նա ինձ ուժ տվեց հավատալու, որ այդ օրը գալու է։ Ինչքան էլ ես մայր եմ և ուզում եմ տեսնել որդուս երջանիկ, բայց հոգու խորքում դժվարանում ես շատ բաների հավատալ։

Մարիամ Հովհաննիսյան