Հայ Մայրեր

Բարեգործական Հասարակական Կազմակերպություն


Կամավորություն

Ո՞վ է կամավորը

Կամավորն այն մարդն է, ով անվճար տրամադրում է իր ժամանակն ու հմտությունները ուրիշներին օգնելու համար։

Կամավորները Հայ Մայրեր ԲՀԿ-ում տարբեր ոլորտների մասնագետներ են, որոնք իրենց մարդասիրությունն ու մասնագիտական հմտություններն օգտագործում են օգնելու մեր երեխաներին ու մայրերին, որպեսզի հեշտացնեն ու ավելի ուրախ դարձնեն կյանքի բարելավման համար նրանց պայքարը։ Թարգմանիչներ, իրավաբաններ, հոգեբաններ, լուսանկարիչներ, դերասաններ, վարորդներ․․․

Կամավորները երբեք շատ չեն լինում։ Որքան շատ կամավորներ լինեն մեզ հետ, այնքան ավելի շատ կկարողանանք օգնել մեր մայրերին ու փոքրիկներին։

Ինչպե՞ս դառնալ կամավոր

“Հայ մայրեր” կազմակերպության կամավոր դառնալու ճանապարհն ունի երեք փուլ։

  1. Ծանոթություն
    Անեն ամիս մենք անցկացնում ենք հանդիպումներ այն մարդկանց հետ, ովքեր ուզում են դառնալ կամավորներ։

  2. Հարցազրույց
    Ծանոթությունից հետո դուք կհրավիրվեք հանդիպման կամավորական խմբի ղեկավարի հետ։

  3. Կամավորություն
    Երկու հանդիպումներից հետո դուք կարող եք անցնել ձեր կամավորությանն ու աշխատել այն խմբում, որն ընտրել եք։

Կամավորական շարժման նպատակը

Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելն ավելի հեշտ է, երբ կողքիդ կան մարդիկ, երբ միայնակ չես։ Մենք ձգտում ենք մեր ներկայության ամեն պոհով թեթևացնել պայքարող ընտանիքների հոգսերը, մի փոքր ուրախություն պարգևել նրանց։ Չէ որ միասին կարող ենք ավելին։ Մեր կամավորական խումբը միշտ երեխաների ու նրանց ծնողների կողքին է, կիսվում է ջերմությամբ ու սիրով, սեփական կարողություններով, որպեսզի ավելի մոտ դարձնի հաղթանակը։

Ինչ է ստանում կամավորը

  • Սեփական հմտությունները զարգացնելու և նոր հմտություններ ստանալու հնարավորություն,
  • Սեփական անձը զարգացնելու հնարավորություն,
  • Հետաքրքիր ու արժեքավոր բազմաթիվ ծանոթություններ,
  • Կյանքի ու մասնագիտական արժեքավոր փորձ,
  • Սեփական կյանքով ու գործով բավարարված լինելու զգացողություն։

Հայ Մայրեր Բարեգործական Հասարակական կազմակերպության կամավորական խմբերը

  • Թարգմանիչներ
    Թարգմանում են կազմակերպության պաշտոնական լրատվությունը, փաստաթղթերը, օգնում են մայրերին թարգմանել տարբեր տեսակի փաստաթղթեր։

  • Վարորդներ
    Սեփական ավտոմեքենաներով տեղափոխում են երեխաներին ու ծնողներին տնից թերապիայի ու թերապիայից տուն։ Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողների համար միակ հարմար տրանսպորտային միջոցը տաքսին է, որով միշտ տեղափոխվելը թանկ է։ Այստեղ նրանց օգնության են հասնում կամավորները, ովքեր ունեն ավտոմեքենա ու պատրաստ են շաբաթական մեկ-երկու ժամ տրամադրել օգնությանը։

  • Իրավաբաններ
    Օգնում են կողմնորոշվել տարբեր իրավաբանական հարցերում Հայ Մայրեր կազմակերպությանն ու անձնապես մայրերին։

  • Հոգեբաններ
    Աջակցում են մեր կազմակերպության մայրերին ու կամավորներին դժվար պահերին։

  • Դերասաններ, ծաղրածուներ
    Մեր յուրաքանչյուր միջոցառում տոն են դարձնում։

  • Օպերատորներ և մոնտաժի մասնագետներ
    Նկարահանում են մեր միջոցառումները, սոցիալական հոլովակներ։

  • Լսուսանկարիչներ
    Անմահացնում են մեր երեխաների երջանիկ պահերը։ Լուսանկարում են կազմակերպության միջոցառումները։

  • Լոգոպեդներ
    Օգնում են մեր փոքրիկներին զարգացնել խոսքը։

  • Լրագրողներ
    Պատրաստում են տեղեկատվական և այլ տիպի նյութեր։

  • Դիմահարդարներ
    Գեղեցկացնում են մեր մայրերին։ Մեր փոքրիկների մայրերը բազմաթիվ հոգսեր ունեն ու ինքնամոռաց պայքարում են իրենց երեխայի կյանքի բարելավման համար։ Այս պայքարում նրանց երջանիկ դարձնելը մեր նպատակներից մեկն է։ Իսկ յուրաքանչյուր կնոջ համար միշտ հաճելի է գեղեցիկ ու խնամված լինելը։ Դիմահարդար կամավորներն օգնում են մայրերին կարևոր և ամենասովորական օրերին գեղեցիկ լինել։