Hay Mayrer

Non Governmental Organization


Բարեգործության ոլորտը դեռևս կայացման փուլում է․ Արեն Ապիկյան

5 Sep, 2018 | News

Այսօր բարեգործության միջազգային օրն է։ Մենք սկսում ենք նոր հարցազրույցների շարք․ զրուցում ենք մեր բարեգործների հետ ոլորտի զարգացման և մեր կազմակերպության մասին։ Մեր զրուցակիցը բիզնես խորհրդատու, գործարար, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ խորհրդի անդամ Արեն Ապիկյանն է։ «Բարեգործության ոլորտը Հայաստանում կարծում եմ դեռևս կայացման փուլում է։ Թեև կան բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, սակայն դեռ համակարգ չկա։ Որոշ մարդկանց կողմից այսօր նկատվում են ոլորտի զարգացմանը միտված որոշակի փոփոխություններ, բայց դեռևս համակարգային լուծում չեմ տեսնում»․ Արեն Ապիկյան Ի՞նչ է բարեգործությունը ձեզ համար։ Բարեգործությունն ինձ համար ներքին պահանջարկ է, այսինքն ես ուզում եմ օգնել ուրիշ մարդկանց, ուզում են օգնել հասարակությանը, որևէ բանով օգտակար լինել։ Ձեր կարծիքով՝ ինչն է դրդում մարդկանց բարեգործություն անել։ Նույնը ինչն ինձ է դրդում, բարեգործություն անող մարդն, իմ կարծիքով, ունի դրա պահանջը, այսինքն ինքը, պարզապես, ուզում է օգտակար լինել ուրիշներին։ Ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցիք «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը և ինչպե՞ս դարձաք խորհրդի անդամ։ Մի քանի անգամ օգնելով տարբեր միջոցառումների շրջանակում, մի օր պատահական ծանոթացա «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ հիմնադիր Նարինե Մանուկյանի հետ ու մենք ընկերացանք։ Սկսեցինք հաճախ հարցեր քննարկել ու դարձանք գաղափարակից։ Մեր կողմից կատարվող հաշվետվությունների մակարդակը արդյո՞ք բավարար է։ Ի՞նչ կուզենայիք փոխվեր։ Հաշվետվությունները վերջերս բավական բովանդակալից են դարձել։ Եթե նույն ձևով շարունակվի, հրաշալի կլինի։ 10 բալանոց սանդղակով ինչպե՞ս կգնահատեք «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ աշխատանքը։ Կգնահատեմ` 9: Չնայած ամեն ինչ լավ է, բայց ես սիրում եմ տեղ թողնել ավելի բարելավվելու աշխատանքը։ Զարգացման ի՞նչ ուղի եք տեսնում մեր կազմակերպության համար և ի՞նչ կմաղթեք։ Մենք հաճախ ենք քննարկում խորհրդի անդամներով զարգացման հնարավոր տարբերակները, և շատ լավ կլիներ զարգացնել հեռակա վճարումների համակարգը։ Այսինքն մարդիկ, եթե ցանկություն ունեն հանգանակություն անելու, կարողանան հենց այդ պահին համակարգով վճարում անել։ Արագ ու արդյունավետ։ Իսկ կազմակերպությանը մաղթում եմ շարունակել նույն եռանդով ու նույն էներգիայով։ Նորանոր բարձունքներ գրավեք ու հաջողեք, ինչպես մինչ օրս։